Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Ե՞րբ աշխարհին ցույց տվեցինք այդ հուշարձանի հայկականությունը, որ հիմա էլ վրդովվում ենք»

«Ե՞րբ աշխարհին ցույց տվեցինք այդ հուշարձանի հայկականությունը, որ հիմա էլ վրդովվում ենք»
01.02.2016 | 19:50

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին վրացիները փորձում են յուրացնել: Տայք նահանգի հուշարձանները նույնպես ներկայացվում են վրացական: Կարելի է երկար թվել այս շարքը: Ոտնձգությունը հայկական պատմական հուշարձանների դեմ Թուրքիայի՞, թե՞ Վրաստանի կողմից է իրականացվում: Այս հարցերի շուրջ զրուցեցինք հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Տիգրան Հոնենցի 1215 թ. կառուցած Գրիգոր Լուսավորչի եկեղեցին պատկանել է հայ-առաքելական եկեղեցուն, հետագայում փոխանցվել է հայ-քաղկեդոնական համայնքին: ՀուշարձանագետՆ ընդգծեց, որ վրացիները դրա հետ որևէ կապ չունեն, նրա բնորոշմամբ՝ թուրքերն ու վրացիները մեկը մյուսին սիրաշահում են մեր հաշվին. «Տարօրինակ է, որ նորմալ ենք համարում, երբ վրացիները Հայաստանի Հանրապետության տարածքի հայ քաղկեդոնական վանքերը համարում են վրացական, բայց վրդովվում ենք, երբ, ասենք, Անիի եկեղեցին վրացական են ուզում ճանաչել: Եկեք նախ մեր երկրի տարածքում գտնվող հայ-քաղկեդոնական հուշարձաններին տեր կանգնենք, նոր հերթը կհասնի Անիին, Տայքին»:
Նկատեցի, որ թշնամու տարածքում մեր հուշարձանները կորցնելու վտանգն անհամեմատ մեծ է ու տեսանելի, ի վերջո, Թուրքիան փորձում է ամեն կերպ վերացնել հայկական հետքը:
«Մեզ համար պարզ պետք է լինի, որ մեր հայրենիքին տիրացած, մեր տան մեջ պետություն ստեղծած թուրքին ձեռնտու է ամեն անկյուն վերացնելը: 19-րդ դարի հայկական եկեղեցիները բյուզանդական են ներկայացնում: Վերագրում են 500 տարի գոյություն չունեցող երկրին, միայն թե բնիկ ժողովուրդը խոսք չունենա: Հիմա էլ՝ թուրք-վրացական հարաբերությունների ջերմ ֆոնի վրա ամեն ինչ հնարավոր է: Մզկիթ չէ, եկեղեցի է, գոնե վրացական լինի, ոչ թե հայկական,- ասաց հուշարձանագետը:-Օրինակ, լուր առա, որ մեզ մոտ խնդրով մտահոգ անձինք բողոքի ցույց են ուզում անել: Ամեն ինչ պետք է լուրջ լինի: Մինչև հիմա Տիգրան Հոնենցին վերաբերող որևէ գիտական աշխատություն չունենք: Ե՞րբ մենք աշխարհին ցույց տվեցինք այդ հուշարձանի հայկականությունը, փաստեցինք, ապացուցեցինք, որ հիմա էլ վրդովվում ենք: Նույնը Տայքին է վերաբերում: Մեր գրասենյակ էին եկել վրացի գործընկերներ, Բանակ վանքի վերաբերյալ խոսակցություն սկսվեց, ակնարկեցինք, որ դրանք հայ-քաղկեդոնական են, սկսեցին լիաթոք հռհռալ, ասես ավելի ծիծաղելի բան չէին կարող լսել: Երևակայեք, թե մենք ուր ենք հասել»: Հուշարձանագետի բնորոշմամբ՝ դա մեր չաշխատելու և նրանց աշխատելու արդյունքն է: Նա փաստեց, որ վրացիները մեկ դար արդեն ամբողջ աշխարհով մեկ վրացերեն և այլ լեզուներով գրքեր են հրատարակում, հովանավորում են եվրոպացի ճարտարապետներին, որ նրանք էլ ուսումնասիրություններ հրատարակեն:
ՈՒշացե՞լ ենք, թե՞ ինչ-որ բան դեռ կարող ենք անել: Զրուցակցիս կարծիքով՝ մենք մեկ դար ուշացել ենք, բայց կարելի է աշխատել: Նկատեց նաև, որ վրացիները, վրացամետ աշխարհի այլազգի գիտնականները հեղեղի պես ուսումնասիրություններ են հրատարակել, բայց դրանք խոր և լուրջ չեն. «Երկու պարզ օրինակ. վրացիները Տայքի Բանակ տաճարն ասում են Բանա, առանց կ-ի, Օշկվանք-ը Օշկ՝ առանց վանքի: Երբ տեղացիներին այդ վանքերի անունները հարցնում ես, ասում են՝ Օշտվենք. վենքը մեր վանքն է և Փենեք՝ վերջին ք-ն շեշտելով: Հազարավոր են այս փաստերը: Մեր պետությունը, եթե կարևոր է համարում այս ճակատում պայքարելը, պետք է լուրջ աշխատանք տանի՝ ընդգրկելով պատմաբանների, ճարտարապետների: Հակառակ դեպքում՝ ևս մեկ դար կոտրած տաշտակի առաջ կմնանք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ